Մոսկվայում հայ դպրոցական Էդուարդ Մարգարյանի սպանության գործով փետրվարի 8-ին կայացած դատական նիստը արդյունք չի տվել:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Էդուարդ Մարգարյանի մայրը` Ալլա Մարգարյանը, նիստին ներկա Առողջապահության բաժանմունքի եւ պոլիկլինիկայի ներկայացուցիչները չեն կարողացել պատասխանել իրենց հասցեագրված հարցերին:  «Պատասխանները եղել են «չգիտեմ», «տեղյակ չեմ», - նշել է Ալլա Մարգարյանը:

Փաստաբանի առաջարկով դատական նիստը տեղափոխվել է փետրվարի 16-ին: Դրան մասնակցելու համար կհրավիրվեն փորձաքննություն անցկացրած բժիշկները, ինչպես նաեւ տեղամասային բժիշկը: «Հույս ունենք նրանցից ստանալ խելամիտ պատասխաններ, քանի որ փորձաքննության ներկայացրած արդյունքներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ են տալիս», -նշել է Ալլա Մարգարյանը:

Մոսկվայի թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարգարյանը մահացել է 2010թ. սեպտեմբերի 7-ին: Կատարվածի առնչությամբ Մոսկվայի ՆԳԳՎ-ը հաղորդել էր, որ տղան մահացել է կռվի արդյունքում: Կռիվը հրահրել է 9-րդ դասարանի ազգությամբ ադրբեջանցի աշակերտ Մամեդ Մեմեդովը, որը եւս, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացի է: Իրավապահ մարմինների համաձայն` կռիվը տեղի է ունեցել դպրոցի մոտակայքում:

Որոշ տվյալների համաձայն` Մամեդովը մարտարվեստի հնարքների է տիրապետել, որոնք կիրառել է Մարգարյանի հետ կռվի ժամանակ: Ամեն դեպքում, Մամեդովի նկատմամբ քրեական գործը փակվել էր: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է քրոնիկական հիվանդություններով, որոնք կռվի ժամանակ իրենց ճակատագրական դերն են ունեցել:

Տուժած կողմի պահանջով կրկնակի փորձաքննություն է անցկացվել, որի արդյունքները քիչ են տարբերվում նախորդից: «Բժշկական եզրակացության մեջ շատ անճշտություններ կան: Անգամ տղայի ծննդյան թիվն է սխալ գրված` 1992թ.` 1993-ի փոխարեն: Ինչպե՞ս կարելի է հավատալ եզրակացությանը, եթե անգամ այս տվյալներն են սխալ», - ասել է Ալլա Մարգարյանը: Փաստաբանի եւ մահացած դպրոցականի ընտանիքի կարծիքով` առաջին փորձաքննությունը կողմնակալ եւ ոչ օբյեկտիվ բնույթի էր եւ նպատակ էր հետապնդում փակել Մամեդովի նկատմամբ հարուցված քրեական գործը: