Երկչափ քարտեզի վրա եռաչափ աշխարհը ներկայացնելը միշտ կապված է սեփական խնդիրների ու փոխզիջումների հետ։ Անկախ նրանից՝ որքան ենք մենք ջանում դա անել, մենք ստանում ենք ձգված շրջաններ, սեղմված երկրներ և ամբողջությամբ կտրված քարտեզի մասեր։ Նման աղավաղման օրինակներից մեկն էլ Գրենլանդիան է. երբ նայում եք քարտեզին, այն չափերով համեմատելի է թվում Աֆրիկայի հետ, մինչդեռ իրականում այն այդքան էլ մեծ չէ, գրում է IFLScience-ը։
Քարտեզների վրա Գրենլանդիան զարմանալիորեն մեծ է թվում՝ զբաղեցնելով գրեթե նույնքան տարածք, որքան ամբողջ Աֆրիկա մայրցամաքը։ Մինչդեռ իրականում այն այդքան էլ մեծ չէ։ Գրենլանդիայի տարածքը կազմում է ընդամենը 2,16 միլիոն քառակուսի կիլոմետր, ինչն այն դարձնում է Երկրի ամենամեծ կղզին, սակայն ամենևին էլ աշխարհի խոշոր երկրներից չէ։ Իրականում, գիտնականների կարծիքով, քարտեզի վրա Գրենլանդիայի զարմանալիորեն մեծ չափը բացատրվում է Երկրի վրա դրա գտնվելու դիրքով և այն ձևով, որով մենք ներկայացնում ենք եռաչափ աշխարհը երկչափ քարտեզի վրա։
Աշխարհի մարդկանց մեծամասնությանը ծանոթ քարտեզը, հավանաբար, հիմնված է Մերկատորի պրոյեկցիայի (Universal Transverse Mercator) վրա, որն առաջին անգամ ներկայացրել է քարտեզագիր Գերարդուս Մերկատորը 1569 թվականին: Այն գլանաձև քարտեզային պրոյեկցիա է (տարածական պատկերների գծագրումը հարթության վրա), որտեղ գլոբուսը տեղադրվում է գլանի մեջ, ապա քարտեզի յուրաքանչյուր կետ պրոյեկցվում է գլանի համապատասխան կետի վրա, գրում է Фокус-ը: Միջօրեականները ներկայացված են որպես քարտեզի վրա հավասարաչափ տարածված ուղղահայաց գծեր, մինչդեռ լայնության շրջանագծերը ներկայացված են որպես հավասարահեռ հորիզոնական գծեր:
Հետազոտողների կարծիքով, Մերկատորի պրոյեկցիան հարմար է նավիգացիայի համար, քանի որ այն ցույց է տալիս հաստատուն ուղղությունները որպես ուղիղ գծեր, ինչը նշանակում է, որ նավերը պետք է ավելի հազվադեպ ճշգրտեն ուղղությունը՝ հաշվի առնելով Երկրի կորությունը: Մյուս կողմից, դա հանգեցնում է չափերի և ձևի աղավաղումների. գլանաձև քարտեզների վրա հասարակածի շուրջը գտնվող տարածքները մնում են համեմատաբար ճշգրիտ, մինչդեռ հասարակածից ավելի հեռու գտնվող տարածքներն ավելի աղավաղված և չափերով ուռճացված են:
Հենց դա է պատճառը, որ Գրենլանդիան այդքան ընդարձակ է թվում, որ համեմատելի է դառնում Աֆրիկայի չափերին: Իրականում կղզին 14 անգամ փոքր է Աֆրիկա մայրցամաքից: Գրենլանդիայի տարածքը, ներառյալ նրա ափամերձ կղզիները, ընդամենը 2,16 միլիոն քառակուսի կիլոմետր է, ինչը Աֆրիկայի 30,37 միլիոն քառակուսի կիլոմետրի համեմատ բավականին աննշան է:





























