ԱՄՆ նախագահը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կրկին մեղադրել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի համար: Reuters-ի թղթակիցը նրան հարցրել է, թե ինչու ԱՄՆ գլխավորությամբ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել ռազմական գործողությունների դադարեցմանը: Դոնալդ Թրամփի պատասխանը՝ «Զելենսկին»: Նրա գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինն ավելի պատրաստակամ է համաձայնության գալ և դադարեցնել մարտական գործողությունները, քան Ուկրաինայի ղեկավարությունը, գրում է գերմանական Bild-ը:
Եվրոպայից այդ առնչությամբ հստակ բողոք է եղել: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X-ում հրապարակավ առարկել է Թրամփին. ոչ թե Զելենսկին, այլ Ռուսաստանը մերժեց ԱՄՆ պատրաստած խաղաղության ծրագիրը: «Ռուսաստանի միակ պատասխանը նոր հրթիռային հարվածներն էին ուկրաինական քաղաքների վրա,- գրել է Տուսկը: Լեհ քաղաքական գործչի գնահատմամբ՝ խնդրի միակ լուծումը Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելն է: -Բոլորդ դա գիտեք»,- հավելել է Տուսկը:
Ինքը՝ Զելենսկին պատասխանել է. «Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և երբեք էլ չի լինի»:
Միևնույն ժամանակ, Մոսկվան ազդանշան է տալիս հետագա բանակցությունների իր պատրաստակամության մասին: Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ТАСС-ին հայտարարել է, որ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների շուտափույթ այցի հույս ունի. «Ամերիկացի բանակցողների հետ հաղորդակցության առկա ուղիները շարունակում են գործել: Այդ երկխոսությունը շարունակվում է: Հենց որ ամսաթվերը համաձայնեցվեն, հուսով ենք՝ նման այցը տեղի կունենա»:
Դեկտեմբերին ԱՄՆ ներկայացուցիչներն արդեն խոսել են Պուտինի հետ պատերազմի հնարավոր ավարտի մասին: Դրանից հետո տեղի են ունեցել ամերիկյան կողմի բանակցություններն Ուկրաինայի և եվրոպացիների հետ: Այժմ բանակցությունների սեղանի շուրջ ցանկանում է կրկին նստել Մոսկվան:





























