Ամերիկյան ռազմական պաշտոնյաներն արդեն մշակել էին Իրանի վրա հարձակման պլանը և ոչ պաշտոնական ճեպազրույցներ էին անցկացնում բարձրաստիճան օգնականների, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխեց իր միտքը Իրանին հարված հասցնելու հարցում, գրում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ երեքշաբթի օրը Թրամփը նախատեսված հանդիպում է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դին Քեյնի հետ՝ որոշ պլաններ քննարկելու համար, սակայն նա բաց է թողել այդ նիստը:

Երեքշաբթի երեկոյան Թրամփը հակված է եղել հարված հասցնելու հրաման տալուն և Պենտագոնին հրահանգել էր պատրաստվել Իրանին հարվածելուն, հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները:

Այդ գիշեր ամերիկացի զինվորականները գնացին քնելու՝ ակնկալելով, որ նախագահը հաջորդ օրը կտա հարված հասցնելու վերջնական հրամանը։ Չորեքշաբթի վաղ առավոտյան ամերիկյան զինուժը տարհանել է անձնակազմի մի մասին՝ Կատարում գտնվող Ալ-Ուդեյդ ավիաբազայից, որտեղ տեղակայված է ամերիկյան ավիացիան և գտնվում է տարածաշրջանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարական կենտրոնը։ Սակայն Թրամփը լսում էր նաև այլընտրանքային տեսակետներ։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ը չէր կարող վստահ լինել, որ իրեն կհաջողվի «տապալել վարչակարգը» միայն արագ և հուժկու ավիահարվածների միջոցով։ Պարզ չէր նաև, թե արդյոք իրանական ռազմական և քաղաքացիական օբյեկտների ռմբակոծությունները կնպաստեին ապստամբությանը և կթուլացնեին կառավարությունը։

Նախագահի օգնականները հայտնել են, որ ԱՄՆ-ը նաև անհրաժեշտ ռազմական միջոցներ չի ունեցել տարածաշրջանում՝ լայնածավալ և տևական հարձակում իրականացնելու համար, որը կկարողանար մի կողմ հրել վարչակարգը և պաշտպանել Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերին ու դաշնակիցներին։

Իսրայելի և արաբական երկրների պաշտոնյաները նույնպես Վաշինգտոնին հայտնել են, որ հիմա հարված հասցնելու համար հարմար ժամանակը չէ:

Մերձավորարևելյան առաջնորդների խոսքով՝ Իրանում իրավիճակը չափազանց անկայուն է եղել, իսկ բողոքի ցույցերն արդեն զգալիորեն ճնշվել են: Բացի այդ, պարզ չի եղել, թե ով կգլխավորի ընդդիմությունը, եթե Իրանի կառավարությունն ինչ-որ կերպ փլուզվի ամերիկյան ավիացիայի հարվածների տակ: