Սիրիական կողմը հետաձգել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարայի աշխատանքային այցը, հայտարարել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Սիրիական նոր առաջնորդը Բեռլինում պետք է հանդիպեր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ինչպես նաև գերմանական քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ DW-ի փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական թեման սիրիացի փախստականների հայրենիք վերադարձն էր։

NTV-ի տվյալներով՝ այցի չեղարկման պատճառը կարող էր լինել Սիրիայում լարված մարտերը։

Ավելի վաղ dpa լրատվական գործակալությունը հայտնել էր, որ հունվարի 19-20-ը նախատեսված ալ-Շարայի Գերմանիա այցի դեմ մի քանի բողոքի ցույցեր են նախատեսվում։ Ցուցարարները պլանավորել էին երթով գնալ կանցլերի շենքից մինչև Բրանդենբուրգյան դարպասներ՝ «Ահմեդ ալ-Շարաա՝ հրավիրված Մերցի կողմից, մեղադրված մեր կողմից» կարգախոսով։ Նախատեսվում էր նաև «Ո՛չ իսլամիստների համար կարմիր գորգին» խորագրով բողոքի ցույց։

Ալ-Շարաայի ժամանմանը հիմնականում դեմ էին Սիրիայից Գերմանիայում գտնվող այն փախստականները, որոնք ներկայացնում են սիրիական կրոնական և էթնիկ փոքրամասնությունները: Նրանք փախել են երկրից՝ ալ-Շարաայի ղեկավարությամբ իշխանության եկած արմատական ​​իսլամիստների կողմից հետապնդումների պատճառով: Այդ փոքրամասնությունների թվում են քրիստոնյաները, եզդիները, դրուզները, քրդերը և ալավիները: Քրդերը հատկապես քննադատել են ալ-Շարաային Հալեպի նահանգում կառավարական ուժերի և Ներքին գործերի նախարարության կողմից քրդական աշխարհազորայինների դեմ ներկայումս իրականացվող ռազմական գործողության համար: