Այն քաղաքացիները, ովքեր ավարտել են աշխարհի լավագույն 50 բուհերը և առնվազն 3 տարի աշխատել են Հայաստանում, կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Այսպիսով, այն քաղաքացիները, ովքեր Շանհայյան վարկանիշային աղյուսակի լավագույն հնգյակում ընդգրկված համալսարաններում բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ծրագրերով ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում առնվազն երեք տարի կաշխատեն Կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով, կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։

Այս օրենսդրական փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով կսահմանվի, որ նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումն ավարտած քաղաքացիները պարտավոր կլինեն վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ նախատեսված կարգով աշխատանքի անցնելու համար։

«Գիտեք, որ 2018-ից ներդրվել է տարկետման հատուկ կարգ, որով տարկետում են ստանում մեր այն քաղաքացիները, որոնք ուսումնառություն են անցկացնում Շանհայի վարկանիշավորման առաջին 50-յակում գտնվող բուհերից որևէ մեկում: Մենք այսօր ունենք իրավիճակ, որ մեր ավելի քան 570 քաղաքացիներ օգտվել են տարկետման իրավունքից, և նրանցից 57-ը դեռևս շարունակում են իրենց ուսումնառությունը։ ուսումնառությունն ավարտած 57 քաղաքացիներից միայն մեկն է վերադարձից հետո մեկնել ծառայության: Շրջանավարտներից 4-ը զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ, 12-ը գտնվում են հետախուզման մեջ, իսկ 40-ը չեն ծառայել որևէ այլ հիմքով», - ասել է Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված բուհերում սովորելու համար արդեն իսկ տարկետում ստացած քաղաքացիների վերադարձի ապահովմամբ և նրանց հնարավորություն ընձեռելով՝ իրենց գիտելիքները կիրառել Հայաստանի Հանրապետությունում։

Իր հերթին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել է, որ որոշակի ուսումնասիրություններ է անցկացրել՝ պարզելու համար, թե արտերկրում սովորող ուսանողների քանի տոկոսն է հետագայում վերադարձել Հայրենիք՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար։

«2019 թվականի հարցմանը ԿԳՄՍ նախարարը պատասխանել էր, որ նման հաշվառում նախարարությունը չի վարում։ Այսինքն տալիս ենք մենք չծառայելու հնարավորություն՝ 4 տարով նրանց տալով տարկետում և որևէ կերպ հաշվառում չենք վարում այն մասին, թե նրանք Հայաստան վերադառնում են, թե ոչ», - ասել է պատգամավորը։

Ավելին, նա համապատասխան հարցում է ուղարկել նաև 2023 թվականին։ Պարզվել է, որ Հայաստանում ուսանողների շուրջ 57%-ը աղջիկներ են։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է արտերկրում սովորելուն, վիճակագրությունը սկսում է կտրուկ փոխվել հօգուտ մյուս սեռի։ Այսպիսով, 2004-2023 թվականներին արտասահմանյան ուսումնական հաստատություններում կրթություն է ստացել 2265 տղա և 1191 աղջիկ։

«Սրանից կարող ենք եզրահանգել այն մտքին, որ նրանք գնում են հիմնականում բանակից խուսափելու համար», - հավելել է Սարգսյանը։