Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անսասան է իր վստահության մեջ, առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» հեշտությամբ կհաղթահարի անցողիկ շեմը։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 19-ին լրագրողների հետ կայացած զրույցում։
Սիմոնյանը տեղեկացրել է, որ թեկնածուների լսումների փուլն ավարտվել է և հաստատվել է շուրջ 300 թեկնածու։ Հետագա զտումներ նախատեսված չեն։ Թեկնածուների ցուցակը կկազմի համագումարը, որը տեղի կունենա մոտ ժամանակներս՝ հազար պատվիրակների մասնակցությամբ։ Խորհրդարանի խոսնակը հստակ ժամկետներ չի նշել։
Կուսակցության վարկանիշի զգալի անկման վերաբերյալ հարցին Սիմոնյանը պատասխանել է, որ վարկանիշը փոփոխական երևույթ է, իսկ աշխատանքի տրամաբանությունն այն է, որ ընտրողների հետ աշխատանքը պետք է սկսվի «զրոյից»։ Ըստ Սիմոնյանի՝ ակնհայտ է, որ օգոստոսի 8-ի փաստաթղթից և դրան հաջորդած իրադարձություններից հետո անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չի լինի։ Թեև նախկինում էլ չի եղել, հավելել է Սիմոնյանը։
«Մեր համար նպատակը սահմանադրական մեծամասնություն ձևավորելն է։ Դա ավելին է, քան մենք ունենք հիմա։ Ակնկալում եմ, որ կլինի ավելի շատ, քան 21 թվականի 54 տոկոսն էր»,- պլաններով կիսվել է Սիմոնյանը՝ հստակեցնելով, որ այն ժամանակ դա հայ ժողովրդի պատասխանն էր միջազգային կենտրոններին և վերաբերմունքի արտահայտումը «ՔՊ»-ի նկատմամբ։
Ընդդիմության այն հայտարարությունների հիշատակմանը, թե իշխող ուժը չի տիրապետում իրավիճակին, Սիմոնյանը հեգնանքով արձագանքել է՝ «օքեյ»։ «Իսկ իրենք կարո՞ղ են գոնե 2 հազար հոգանոց հանրահավաք անցկացնել»,- հետաքրքրվել է ԱԺ նախագահը։




























