Կանադան ծրագրեր է մշակել Գրենլանդիա զինվորականների փոքրաթիվ կոնտինգենտ ուղարկելու համար՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ զորավարժություններին մասնակցելու նպատակով։ Այս քայլը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արկտիկական կիսաինքնավար տարածքը զավթելու սպառնալիքներով։ Այս մասին The Globe and Mail-ին հայտնել են կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Պաշտոնյաները հայտնել են, որ Կանադայի զինված ուժերը սպասում են երկրի վարչապետ Մարկ Կարնիի վերջնական քաղաքական հավանությանը՝ նախքան զինվորներին ուղարկելը:

Կարնին նշել է, որ Թրամփի կողմից Գրենլանդիայի նկատմամբ հետապնդումների «էսկալացիան» մտահոգություն է առաջացնում:

Կանադական զորքերի ուղարկումը կարող է զայրացնել Թրամփին, ով սպառնացել է նոր մաքսատուրքեր սահմանել եվրոպական մի խումբ երկրների նկատմամբ այն բանից հետո, երբ նրանք զինծառայողներ են ուղարկել Գրենլանդիա, որը Դանիայի տարածք հանդիսացող ինքնակառավարվող կղզի է: Այդ զինվորներն ուղարկվել են Դանիայի գլխավորությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) զորավարժությունների շրջանակներում, որոնք նպատակ են ունեցել ցուցադրել Դանիայի և Գրենլանդիայի ինքնիշխանության հանդեպ հավատարմությունը:

Վարչապետ Մարկ Կարնին հայտարարել է, որ մտահոգված է Գրենլանդիայի ապագայի և դրա ինքնիշխանության շուրջ ԱՄՆ-ի հետ հակամարտության էսկալացիայով, մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է մաքսատուրքերի ներդրմամբ։

Ներկայումս Կանադան Գրենլանդիայում տեղակայել է երեք CF-18 կործանիչ և մեկ Cormorant ուղղաթիռ՝ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) զորավարժությունների շրջանակներում, որոնց մասնակցում է նաև ԱՄՆ-ն։

Պաշտոնյաները հայտնել են, որ եթե Կարնին հաստատի այդ ծրագիրը՝ կանադացի զինվորների փոքրաթիվ խումբը կարող է Գրենլանդիա ուղարկվել այս շաբաթ՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակներում։ Պաշտոնյաները կարծում են, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս։