Ինչպես գրում է պարբերականը, եվրոպական առաջնորդները վերջին մեկ տարվա ընթացքում փակ խմբային չաթում քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումներն ու կտրուկ հայտարարությունները։ Ըստ Politico-ի՝ նամակագրությանը կանոնավոր կերպով մասնակցում են Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
Ինչպես նշում է Politico-ն, չաթն օգտագործվում է տեղեկատվության արագ փոխանակման և դիրքորոշումների համաձայնեցման համար՝ ամեն անգամ, երբ Թրամփը ձեռնարկում է քայլեր, որոնք Եվրոպայում համարում են կտրուկ կամ ապակայունացնող։ Այս ձևաչափը հատկապես արդյունավետ է այն իրավիճակներում, երբ իրադարձությունները զարգանում են սրընթաց ձևով և ավանդական դիվանագիտական խողովակները չեն հասցնում քաղաքական դինամիկայի հետևից, հաղորդում է DW-ն։
Ինչպես գրում է պարբերականը, «Վաշինգտոնյան խումբ» անվանումով չաթը հայտնվել է անցյալ տարվա օգոստոսին եվրոպական առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Սպիտակ տուն կատարած այցից հետո։ Politico-ն նշում է, որ Զելենսկին նույնպես մասնակցում է նամակագրությանը։
Եվրոպական առաջնորդները ողջ տարվա ընթացքում զսպվածություն են պահպանել՝ արձագանքելով միայն ԱՄՆ-ի իրական գործողություններին, ինչը օգնել է Ուկրաինայի հարցով համակարգմանը և «ցանկացողների կոալիցիայի» աշխատանքին։ Սակայն, ըստ Politico-ի աղբյուրների, Գրենլանդիայի հետ կապված իրավիճակը և մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքները բեկումնային կետ են դարձել․ դրանից հետո եվրոպական առաջնորդների նամակագրության մեջ ուժեղացել են Վաշինգտոնի հետ հարաբերություններում ավելի կոշտ և ինքնուրույն գիծ որդեգրելու կոչերը։
Պարբերականը նշում է, որ առաջնորդների միջև ոչ պաշտոնական շփումներն արդեն դուրս են եկել Թրամփի հայտարարություններին օպերատիվ արձագանքելու շրջանակներից և աստիճանաբար հիմք են նախապատրաստում անվտանգության ու արտաքին քաղաքականության ոլորտում ավելի լայն համակարգման համար։ Politico-ի զրուցակիցների կարծիքով՝ այս ձևաչափը կարող է կարևոր դեր խաղալ այն դեպքում, եթե ԱՄՆ-ն հետագայում թուլացնի եվրոպական անվտանգության հիմնական երաշխավորի իր դերը։





























