Եվրոպական Միության երկրների բնակիչներին ուղարկվել են հանձնարարականներ՝ ինչպես գործել միջուկային սպառնալիքի դեպքում: Դրա մասին հայտարարել է Հունգարիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զոլտան Կովաչը Facebook-ի իր գրառման մեջ:
Ըստ Կովաչի՝ նյութերը պատրաստել է Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը: Քաղաքական գործիչը դժգոհություն է հայտնել այն փաստից, որ, իր կարծիքով, Բրյուսելը կենտրոնանում է լայնածավալ ռազմական բախման նախապատրաստման վրա՝ խաղաղության հասնելու ջանքեր գործադրելու փոխարեն:
Նա մեջբերել է փաստաթղթից հատվածներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են ստուգել՝ արդյոք գիտե՞ն օդային հարձակման ազդանշանները, մոտակա ապաստարանների գտնվելու վայրը և արդյոք տանը ունե՞ն պարագաներ՝ նախատեսված արտակարգ իրավիճակների դեպքերի համար: Հրահանգներում միաժամանակ տրված են պարզաբանումներ և այդ հարցերի «ճիշտ» պատասխանները:
«Խոսքը խաղաղությանը նախապատրաստվելու մասին չէ, այլ կտրուկ սրացմանը, ընդհուպ՝ միջուկային սցենարին պատրաստ լինելու մասին»,- ըստ РИА Новости-ի՝ ընդգծել է Կովաչը:





























