Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) հայտարարել է, որ իր ինքնաթիռները շուտով կժամանեն Գրենլանդիայի Պիտուֆիկ ավիաբազա։

Նրանք ուղևորվում են Գրենլանդիա՝ NORAD-ի (Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության) «տարբեր, վաղօրոք պլանավորված միջոցառումներ» իրականացնելու համար, որոնցում կներգրավվեն նաև ԱՄՆ-ի և Կանադայի մայրցամաքային տարածքներում տեղակայված ինքնաթիռներ. այս մասին նշված է սոցիալական ցանցերում NORAD-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Այս գործունեությունը համակարգվել է Դանիայի Թագավորության հետ և բոլոր աջակցող ուժերը գործում են անհրաժեշտ դիվանագիտական թույլտվություններով։ Գրենլանդիայի կառավարությունը նույնպես տեղեկացված է պլանավորված միջոցառումների մասին», — ասված է հայտարարության մեջ։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ Գրենլանդիան անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին ազգային անվտանգության նկատառումներից ելնելով և չի պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստ են ուժ կիրառել Դանիայի այս տարածքի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար, հիշեցնում է BBC-ն։