Երեւանում ամփոփվել է «Դատական իշխանության կայացման ընթացքն ու հիմնախնդիրներն արդի ժամանակաշրջանում» թեմայով ձմեռային դպրոցը, որին բացի Երեւանի եւ Արցախի պետական համալսարանների ուսանողներից, մասնակցել են նաեւ Վրաստանի Թբիլիսիի պետական եւ Հումանիտար համալսարանների, ինչպես նաեւ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի սաները:
Միջոցառման նախաձեռնողներն էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը, Սահմանադրական հետազոտման եւ աջակցության տարածաշրջանային կենտրոնը (Վրաստանի Հանրապետություն): Կազմակերպիչների հավաստմամբ` միջոցառման նպատակն էր իրավագիտության ոլորտում, հատկապես դատական իշխանության բնագավառում առավել խորքային ուսումնասիրությունների անհրաժեշտության եւ արդիականության վերհանումը, իրավագիտության ոլորտում մասնագիտացող ուսանողների որակյալ վերապատրաստումը, նրանց պրակտիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ դասախոսների ու պրակտիկ աշխատողների միջեւ միջազգային համագործակցության եւ փոխօգնության մշակույթի ձեւավորումն ու խթանումը:
«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի ու Վրաստանի Հանրապետությունները գրեթե նմանատիպ խնդիրներ ունեն այս բնագավառում: Հատկանշական է, որ Հայաստանում, ներկայումս քննարկվում եւ ընդունման է պատրաստվում դատական իրավունքի բարեփոխումների նոր փաթեթ: Այս գործընթացում Իրավագիտության ֆակուլտետի մասնագետների խոսքն ու գործը ծանրակշիռ դեր ունեն»,-նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
Փետրվարի 7-ին ԵՊՀ-ում ուսանողների համար վարպետության դաս վարեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Գեւորգ Դանիելյանը: Այնուհետեեւ մասնակիցներն այցելեցին ՀՀ Սահմանադրական դատարան, որտեղ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրների վերաբերյալ դասախոսություն կարդաց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Իսկ փետրվարի 8-ին ձմեռային դպրոցի սաներն այցելեցին ՀՀ Վճռաբեկ դատարան, որտեղ նրանց համար վարպետության դաս վարեց դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Ուսանողներն ակտիվ մասնակցեցին ոչ միայն դասախոսություններին, այլեւ ծավալվող հարց ու պատասխանին, ինչպես նաեւ բանավեճերին: Վերջին հանդիպումը ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանի հետ էր, ով վարչական արդարադատության հիմնախնդիրների շրջանակներում վարպետության դաս անցկացրեց ուսանողների հետ:
ՀՀ իրավական համակարգին ծանոթանալուց ու դատական ատյանների ղեկավարների հետ հանդիպելուց հետո մասնակիցները մշակութային ծրագրի շրջանակներում այցելեցին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, Մատենադարան, «Գաֆեսճյան արվեստի կենտրոն», Ծիծեռնակաբերդ, որտեղ հայ եւ օտարերկրացի ուսանողները ծաղիկներ դրեցին Հայոց եղեռնի զոհերի հուշակոթողին:
«Ուսանողները բավականին գոհ հեռացան Հայաստանից, քանի որ ծրագրի եւ՛ կրթական, եւ՛ մշակութային մասը լավ էր մշակված: Ապագա իրավագետները ոչ միայն դասախոսություններ լսեցին, այլեւ իրավական համակարգի գործող եւ փորձառու ղեկավարների հետ ծանոթանալու, շփվելու ու հարցեր ուղղելու, ինչու ոչ, նաեւ բանավիճելու հնարավորություն ստացան: Նրանք տպավորված էին նաեւ մեր մշակութային արժեքներով»,- ասում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական Անահիտ Մանասյանը:
Եռօրյա ծրագրի ավարտին ձմեռային դպրոցի մասնակիցներին հանձնվել են վկայագրեր:




























