Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների համար ժամանել է երեք հոգանոց ամերիկյան պատվիրակություն: Սթիվ Ուիթքկոֆի եւ Ջարեդ Քուշների հետ մեկտեղ դրա կազմում էր նաեւ ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչության Գնումների դաշնային ծառայության հանձնակատար Ջոշ Գրյունբաումը։
Reuters-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Գրյունբաումին նշանակել է իր ստեղծած «Խաղաղության խորհրդի» ավագ խորհրդական։
BBC-ն հաղորդել է, որ Ջոշ Գրյունբաումի կենսագրությունը, որը թարմացվել է 2025թ․ փետրվարի 27-ին, հասանելի է Ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) կայքում: Այն ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմին միանալուց առաջ նա աշխատել է մի քանի իրավաբանական ընկերություններում՝ մասնագիտանալով վերակառուցումների, միաձուլումների եւ ձեռքբերումների ոլորտում: Գրյունբաումն ունի իրավաբանական կրթություն եւ MBA աստիճան, ինչպես նաեւ Նյու Յորքի նահանգի փաստաբանների պալատի անդամ է:
ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ Գրյունբաումը նախկինում մասնակցել է ռուս-ամերիկյան բանակցություններին, սակայն ավելի ցածր մակարդակով՝ անցյալ աշնանը Մայամիում Ուիթքոֆի եւ ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւի միջեւ կայացած բանակցություններին:





























