Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ուկրաինայի հնարավոր եռակողմ բանակցություններում նախատեսվում է քննարկել այն նախաձեռնությունը, որը ենթադրում է Կիեւի հրաժարում տարածքների մի մասից՝ ֆինանսական օգնության եւ անվտանգության երաշխիքների դիմաց։ Այս մասին տեղեկացրել է Corriere della Sera իտալական թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ հանդիպման ընթացքում կարող է ներկայացվել չորս փաստաթուղթ, որոնք դիտարկվում են որպես ապագա խաղաղության համաձայնագրի հիմք։ Դրանցից մեկը, ինչպես հավաստիացվել է, նախատեսում է Ուկրաինայի զինված ուժերի լիակատար դուրսբերում Դոնբասից։ Որպես փոխհատուցում կարող են առաջարկել 800 մլրդ դոլար ծավալով ֆինանսական աջակցության ծրագիր։

Եվս մեկ փաստաթուղթ, պարբերականի տեղեկացմամբ, վերաբերում է անվտանգության երաշխիքների համակարգին Միացյալ Նահանգների մասնակցությամբ եւ եվրոպական երկրների աջակցությամբ։ Հրապարակման հեղինակները նշել են, որ առաջարկված սխեման ենթադրում է տարածքային զիջումներ ֆինանսական ռեսուրսների եւ անվտանգության արեւմտյան երաշխիքների դիմաց։

Եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը անվտանգության հարցերի վերաբերյալ նախատեսված է հունվարի 23-ին Աբու Դաբիում։