Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել են առաջին եռակողմ բանակցությունները Ուկրաինայի, ԱՄՆ եւ Ռուսաստանի պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրել է «Интерфакс-Украина»-ն՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին։
Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը նույնպես հայտնել էր բանակցությունների մեկնարկի մասին: Հեռուստաալիքի տվյալներով՝ սրանք հակամարտության սկզբից ի վեր եռակողմ խաղաղության առաջին ուղիղ բանակցություններն են: Սակայն աղբյուրները նշում են, որ դեռեւս պարզ չէ՝ արդյոք Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները գտնվում են նույն բանակցային սենյակում, պաշտոնական քննարկումները կարող են տեղի ունենալ օրվա ընթացքում:
Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը լրագրողներին ասել է, որ որոշ պատվիրակություններ արդեն Աբու Դաբիում են, որոշ հարցեր կարող են քննարկվել ոչ պաշտոնական մակարդակով: Նա նշել է, որ նման շփումները չպետք է դիտարկել որպես ավանդական քաղաքական բանակցություններ՝ հստակ սահմանված մեկնարկի ժամանակով եւ ժամանակացույցով:
Նա ընդգծել է, որ կողմերը պաշտոնական բանակցությունների մեկնարկի ֆիքսված ժամանակ չունեն, եւ ներկայիս մոտեցումը ենթադրում է հաղորդակցության ճկուն ձեւաչափ, որի դեպքում ոչ պաշտոնական հանդիպումները կարող են նախորդել լիարժեք խորհրդակցություններին:
Ուկրաինական պատվիրակությունը ներկայացնում են Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար եւ պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Ուկրաինայից պատգամավոր Դավիթ Արախամիան եւ ուրիշներ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է, որ Ռուսաստանը բանակցություններին կներկայացնի բացառապես զինվորական անձնակազմ: «Նրանք զինվորականներ են, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Մենք նրանց անունները դեռ չենք հրապարակի։ Նրանք բոլորը զինվորականներ են։ Սա անվտանգության հարցերով աշխատանքային խումբ է. սրանք առաջին բանակցությունները կլինեն»,- ասել է Պեսկովը։ Խումբը գլխավորում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում չորսժամյա հանդիպում է ունեցել Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, նախագահի փեսա եւ ավագ խորհրդական Ջարեդ Քուշների եւ վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Գրյունբաումի հետ։ Անմիջապես դրանից հետո ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Աբու Դաբի։




























