ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովի, նրա մերձավորների և գործով անցնող ևս երկու անձի կալանավորված գույքի արժեքը կազմում է ավելի քան 180 միլիոն ռուբլի։ Այս մասին հայտարարվել է դատարանում, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։
Խարդախության գործով քննչական մեկուսարանում են գտնվում Բուլգակովը, «Նևա-Բալտ ՍՊԲ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գերման Յակովլևը և պաշտոնաթող զինվորական Գենադի Սելեզնյովը։
«Բուլգակովի, նրա ընտանիքի անդամների, Յակովլևի և Սելեզնյովի գույքի վրա կալանք է դրվել՝ ընդհանուր առմամբ ավելի քան 180 միլիոն ռուբլի գումարի չափով»,- դատարանում հայտարարել է դատավարության մասնակիցներից մեկը։
Ինչպես հայտնի է դարձել նիստի ժամանակ, խոսքը, մասնավորապես, Մոսկվայում գտնվող բնակարանի և մերձմոսկովյան առանձնատան մասին է, որոնք պատկանում են Բուլգակովին ու նրա ազգականներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործի քննությունն ավարտվել է, պաշտպանական կողմն ու մեղադրյալը ծանոթացել են նյութերին, ինչից հետո այն փոխանցվել է դատախազին՝ հաստատման համար։
Ըստ РИА Новости-ի աղբյուրի, դատախազությունը գործը վերադարձրել է քննիչին՝ թերությունների պատճառով լրացուցիչ քննություն անցկացնելու համար։
Որոշման մեջ գլխավոր դատախազի առաջին տեղակալը, ի թիվս այլնի, մատնանշել է գործով վնասի չափի որոշման հետ կապված անհամապատասխանությունները, հարցեր են առաջացել նաև անցկացված փորձաքննության վերաբերյալ, հայտնել է աղբյուրը: