Շվեյցարական Rolex ընկերությունը, որը 2022 թվականին դադարեցրել էր արտահանումը ՌԴ, Ռուսաստանում ձեռքի ժամացույցների Daytona և RLX Rolex ապրանքային նշաններն է գրանցել. պարզել է ТАСС-ը։

Շվեյցարական Rolex SA ընկերությունը 2024 թվականի դեկտեմբերին Մտավոր սեփականության դաշնային ծառայություն (Роспатент) էր ներկայացրել երկու ապրանքային նշանների գրանցման հայտերը, որոնք գրանցվել են միայն 2026-ի հունվարին։ Բացառիկ իրավունքի գործողության ժամկետն ավարտվում է 2034 թվականի դեկտեմբերին։

Ըստ գերատեսչության տվյալների բազայի, որն ուսումնասիրել է ТАСС-ը, ապրանքային նշանները գրանցվում են Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) մեկ դասով (№ 14): Այն ներառում է բոլոր տեսակի ձեռքի ժամացույցներն ու ժամացույց-ապարանջանները, մասնավորապես՝ անալոգային, հիբրիդային, թվային, ինքնալար, մեխանիկական և քվարցային ժամացույցները։

ТАСС-ը պարզել է նաև, որ ընկերությունն իր առաջին ապրանքային նշանը՝ լոգոն, գրանցել էր դեռևս 1989 թվականին. դրա բացառիկ իրավունքի ժամկետը լրանում է 2028 թվականի դեկտեմբերին։