ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարևոր քայլ է դարձել բանակցությունների հաջորդ փուլին անցնելու ճանապարհին, գրում է Axios-ը։

«Մենք շատ մոտ ենք Պուտինի և Զելենսկու հանդիպմանը», — ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

Նա ենթադրել է, որ եթե հաջորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում ավելի մեծ առաջընթաց բերի, դա կարող է հանգեցնել կողմերի հանդիպմանը Մոսկվայում կամ Կիևում՝ ինչն արդեն շատ տարիներ չի եղել։

ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունները «արդյունավետ» են եղել և բերել են առաջընթացի։

Լրատվամիջոցի կարծիքով, այս բանակցությունները դարձել են ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի նոր փուլ, որոնք ուղղված են պատերազմի ավարտին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները շատ լավատեսորեն էին տրամադրված շաբաթ օրը կայացած բանակցություններից հետո և կարծում էին, որ հաջողվել է գտնել ուղի, որը թույլ կտա կրճատել հիմնական հարցում՝ Ուկրաինայի արևելքում տարածքային վերահսկողության շուրջ եղած տարբերությունը։

Axios-ի տեղեկություններով, Սպիտակ տանը մի քանի ամիս պահանջվեց՝ համոզելու ռուսներին և ուկրաինացիներին անցկացնել եռակողմ բանակցություններ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ասել են երկու ամերիկացի պաշտոնյաներ շաբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցում։ Նրանք հավելել են, որ նախագահ Թրամփի և Զելենսկու հանդիպումը Դավոսում հինգշաբթի օրը և նրա ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների չորսժամյա հանդիպումը նախագահ Պուտինի հետ Մոսկվայում նույն օրը երեկոյան հիմք են դրել Աբու Դաբիի բանակցություններին։

«Ե՛վ Պուտինը, և՛ Զելենսկին համաձայնեցին ուղարկել իրենց բանակցողներին։ Սա ցույց է տալիս, որ նրանք հավատում են առաջընթացի հասնելու հնարավորությանը», — ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

«Քուշների և Ուիթքոֆի հանդիպման վերջին ժամին Պուտինը հայտարարեց, որ ցանկանում է հասնել այս պատերազմի դիվանագիտական կարգավորմանը։ Նա Աբու Դաբի ուղարկեց բավականին նշանակալի պատվիրակություն», — նշել է երկրորդ ամերիկացի պաշտոնյան։

Բանակցությունները սկսվել են ուրբաթ և շարունակվել շաբաթ օրը, երբ ամերիկացի միջնորդները համատեղ հանդիպումներ են անցկացրել ռուս և ուկրաինացի բանակցողների հետ, իսկ ռուսներն ու ուկրաինացիները նաև հանդիպել են առանձին՝ առանց ամերիկացիների ներկայության, հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։

Ամերիկյան պատվիրակության կազմում եղել են Թրամփի խորհրդականներ Ուիթքոֆը, Քուշները և Ջոշ Գրյունբաումը, պաշտպանության նախարար Դեն Դրիսկոլը և ԱՄՆ Եվրոպական ռազմական հրամանատարության ղեկավար Ալեքս Գրինկևիչը։ Ուկրաինական թիմը գլխավորել է Զելենսկու վարչակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, ազգային անվտանգության խորհրդական Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Անդրեյ Գնատովը, ինչպես նաև Զելենսկու խորհրդականներ Սերգեյ Կիսլիցան և Դավիդ Արախամիան։ Ռուսաստնյան խումբը ղեկավարել է Ռուսաստանի ռազմական հետախուզության ղեկավար, ծովակալ Իգոր Կոստյուկովը։

ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ Դավոսում կայացած երկօրյա բանակցությունների ընթացքում քննարկվել են բոլոր հարցերը՝ Ռուսաստանի տարածքային պահանջները Դոնբասում, վեճը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ և այն քայլերը, որոնք անհրաժեշտ կլինեն երկու կողմերից՝ հստակեցնելու համար, որ պատերազմն ավարտված է և այլևս չի վերսկսվի։

Լիագումար նիստից հետո Քուշները, Ուիթքոֆը և ամերիկյան թիմի մյուս անդամները բաժանվել են տարբեր սրահներում, որտեղ անցկացվել են ռուս-ուկրաինական աշխատանքային խմբի նիստերը։

«Ամեն ինչ քննարկվեց։ Ոչ ոք չհիասթափվեց քննարկումներից։ Մենք ոչ մի հարց անուշադրության չթողեցինք, և մեզ պետք չեղավ որևէ մեկին ստիպել։ Մենք մեծ հարգանք տեսանք դահլիճում, որովհետև նրանք իսկապես փնտրում էին լուծումներ», — ասել է ամերիկացի պաշտոնյան։ Երկրորդ օրվա ավարտին երեք թիմերը հավաքվել են համատեղ ճաշի շուրջ։

«Մի պահ բոլորն արդեն գրեթե ընկերների նման էին։ Ինձ մոտ հույսի զգացում առաջացավ», — նշել է ամերիկացի պաշտոնյան։

Իր հերթին ուկրաինացի պաշտոնյան հայտարարել է, որ, չնայած «նշանակալի առաջընթացին», դեռևս պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իսկապես ցանկանում է վերջ տալ պատերազմին և թույլ կտա իր բանակցողներին գործարք կնքել։