Չինաստանի իշխանությունները վերացրել են Մեծ Բրիտանիայի պատգամավորների և Լորդերի պալատի անդամների նկատմամբ պատժամիջոցները: Որոշման մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Քեյր Սթարմերը:
Նա ասել է, որ բանակցություններից հետո պարզ է դարձել, որ նախկինում սահմանված սահմանափակումներն այլևս ուժի մեջ չեն, և բրիտանացի պատգամավորները կարող են կրկին ազատորեն այցելել Չինաստան:
Պատժամիջոցները Պեկինը սահմանել է 2021 թվականին՝ ի պատասխան չինացի պաշտոնյաների նկատմամբ Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների ձեռնարկած միջոցառումների: Պատժամիջոցներն ուղղված էին հինգ պատգամավորների և Լորդերի պալատի երկու անդամների դեմ, որոնց արգելվել էր մուտք գործել մայրցամաքային Չինաստան, ինչպես նաև Հոնկոնգ և Մակաո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պեկին կատարած այցի ժամանակ Սթարմերը վերահաստատել է Լոնդոնի հավատարմությունը «մեկ Չինաստան» սկզբունքին: Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը խոսել է նաև երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն զարգացնելու անհրաժեշտության մասին:





























