Եվրամիությունում քննարկում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցած ռուսաստանցի բոլոր զինվորականների համար մուտքի արգելքի կիրառման հարցը։ Ըստ РБК-ի՝ նախագծի մասին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը։
Ըստ նրա՝ նախաձեռնությունը քննարկվել է ԵՄ Խորհրդի նիստում՝ արտգործնախարարների մակարդակով, և ստացել է մի քանի երկրների աջակցությունը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Politico-ն, առաջարկը ներկայացրել էր Էստոնիան։
Հիփերը նշել է, որ դեռ վաղ է քննարկել կոնկրետ իրականացման մեխանիզմները, սակայն ԵՄ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու ուղիները։
Politico-ի տվյալներով՝ Տալլինը վախենում է, որ հակամարտության ավարտից հետո մարտական փորձ ունեցող հազարավոր մարդիկ կարող են փորձել մուտք գործել Եվրոպա։ Առաջարկվող միջոցառումներից մեկը կլինի նման անձանց Շենգենյան գոտու «սև ցուցակում» ընդգրկելը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է եվրոպացի դիվանագետներից մեկը, ԵՄ երկրները, ընդհանուր առմամբ, աջակցում են նախաձեռնությանը քաղաքական մակարդակով, սակայն դրա իրականացումը կարող է դժվար լինել՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ապացույցներ հավաքելու անհրաժեշտության պատճառով։





























