Ամերիկյան արտադրության 28 միավոր M1A2T Abrams տանկերից բաղկացած խմբաքանակը կարող է Թայվան հասնել առաջիկա շաբաթների ընթացքում: Ինչպես հայտնել է «Taipei Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին, մատակարարումը կարող է իրականացվել մինչև մարտ ամիսը:

Աղբյուրը նշել է, որ կղզու ռազմական գերատեսչությունն «ակտիվորեն զբաղվում է բեռնատար նավերով տանկերի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում Թայվան տեղափոխման կազմակերպմամբ»: Ժամանման ենթադրյալ ժամկետը փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբն է։

M1A2T-ն ամերիկյան M1 Abrams տանկի նոր տարբերակն է։ Վաշինգտոնը 2019 թվականին հավանություն է տվել Թայբեյին նման 108 մեքենաների վաճառքին։ Գործարքի ընդհանուր գումարը կազմել է մոտ 40,5 միլիարդ թայվանական դոլար (համաձայնագրի կնքման պահին՝ շուրջ 1,45 միլիարդ դոլար)։ Կղզին արդեն ստացել է 80 տանկ, 38-ը՝ 2024 թվականի դեկտեմբերին, 42-ը՝ 2025 թվականի հուլիսին։