ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) աշխատակիցները հանգստյան օրերին երկու անգամ արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում գտնվող իրենց մասնաճյուղի շենքի մոտ։ Այս մասին հայտնել է տեղական The Oregonian թերթը։

Ըստ պարբերականի տվյալների՝ առաջին անգամ ICE-ի աշխատակիցները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, պղպեղի սփրեյ և ռետինե փամփուշտներ են կիրառել հունվարի 31-ին։ Երկրորդ անգամ ուժայինները արցունքաբեր գազ են օգտագործել հաջորդ օրը՝ այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են առարկաներ նետել շենքի տանիքին և հարվածել պատերին։

Պորտլենդի քաղաքապետ Քիթ Ուիլսոնը ծառայությունից պահանջել է բացատրել, թե «ինչու են նրանք երեխաներին թունավորել գազով» ինչու և հեռանալ քաղաքից։ Նա մեղադրել է ICE-ին օրենքները խախտելու և «սահմանադրությունը ոտնահարելու» մեջ, ինչպես նաև կոչ է արել ծառայության աշխատակիցներին ազատվել աշխատանքից, իսկ ղեկավարությանը՝ հրաժարական տալ։

Ավելի վաղ Մինեապոլիսի (Մինեսոտա նահանգ) քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը նույնպես պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից դուրս բերել դաշնային գործակալներին քաղաքից այն բանից հետո, երբ հունվարի 24-ին այնտեղ սկսվել է բողոքի ցույցերի հերթական ալիքը։ Մարդիկ փողոց էին դուրս եկել այն պատճառով, որ սահմանապահ ծառայության աշխատակիցը քաղաքում գնդակահարել է մի տղամարդու։ Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ սպանվածը դիմադրություն է ցույց տվել, երբ դաշնային գործակալները փորձել են խլել նրա զենքը։