Հայաստանի սփյուռքի նախարարության այս տարվա առաջին արտագնա խորհրդակցությունը կայացել է այսօր` փետրվարի 10-ին` Արարատի մարզպետարանում, որը նվիրված է եղել «Արի տուն» եւ «Իմ Հայաստան» ծրագրերի նախապատրաստական աշխատանքներին:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտագնա խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Արարատի մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, նույն վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Մերի Կարապետյանը եւ այլք:
«Առանց մարզերի «Արի տուն» ծրագիրն ապագա չունի»,- ընդգծել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը՝ կարեւորելով նախորդ տարիներին Արարատի մարզի կողմից ծրագրին ցուցաբերած մեծ աջակցությունը: «Արի տուն-2011» թվականի ծրագրի շրջանակներում Արարատի մարզը հյուրընկալել է շուրջ 100 մասնակցի:
Այս մարզի նկատմամբ մասնակիցների հետաքրքրությունն աճում է թերեւս այն պատճառով, որ մարզի գրեթե յուրաքանչյուր համայնքից երեւում է բիբլիական Արարատը, որը Հայրենիքի խորհրդանիշն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամեն մի հայի համար:
Այս տարի Սփյուռքի նախարարությունն առավել մեծ աջակցություն է ակնկալում մարզից: Նախատեսվում է հյուրընկալող համայնքների թիվը կրկնապատկել՝ հասցնելով 16-ի:
Արարատի մարզպետը պատրաստակամություն է հայտնել այս տարի կրկին աջակցել ծրագրին՝ ներգրավելով ավելի շատ հյուրընկալող համայնքներ եւ ընտանիքներ: Միաժամանակ նա ընդգծել է «Արի տուն» ծրագրի կարեւորությունը եւ վստահեցրել, որ մարզը միշտ պատրաստ է աջակցել ինչպես այս, այնպես էլ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:
Նշենք, որ ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել Սփյուռքի երիտասարդների` Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» 2012 թ. ծրագիրը եւ միջոցառումների ցանկը, որոնց համաձայն այս տարի ակնկալվում է 800 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան։
«Սա մեր հաջողված ծրագրերից է, եւ եթե տարվա ընթացքում ունենանք խնայողություններ, կարծում եմ, որ պետք է անդրադառնանք այս ծրագրին` ավելացնելով ֆինանսավորման ծավալը, եւ փորձենք նաեւ կրկնապատկել մասնակիցների քանակը»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրն այս տարի կմեկնարկի հունիսին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբեր:
Հատկանշական է, որ թեեւ ծրագիրը կոչվում է «Արի տուն», սակայն այն նախատեսում է սփյուռքահայ երիտասարդների հյուրընկալում Հայաստանում ընդամենը մի քանի շաբաթով, որից հետո նրանք կվերադառնան իրենց տուն` արտերկիր:
Նախատեսվում է նաեւ կազմակերպել «Արի տուն» ամառային ճամբար, ուր ծրագրի մասնակիցները կհյուրընկալվեն հայաստանցի իրենց հասակակիցների հետ:
Իսկ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը նախատեսվում է իրականացնել 2012 թ. ապրիլից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, որի շրջանակներում Հայաստանի համերգային սրահներում կազմակերպվելու են պարային համույթների, երգչախմբերի, անհատ կատարողների ելույթներ:
ՀՀ սփյուռքի նախարարությունը նախատեսում է վերոնշյալ ծրագրերին նվիրված հաջորդ արտագնա խորհրդակցությունը անցկացնել Կոտայքի մարզում:




























