Երեւանի քաղաքապետարանը հերքում է տեղեկությունները, թե ձյունը չմաքրելու պատճառով մայրաքաղաքի փողոցներում երթեւեկությունը կաթվածահար է եղել:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 9-ի օրվա 2-րդ կեսից վերսկսված ձյան հետեւանքները մեղմելու նպատակով անցած գիշերվանից քաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Աշխատանքներում ներգրավված են 12 վարչական շրջանների սան.մաքրման ձեռնարկությունները` տեխնիկական եւ աշխատանքային բոլոր ռեսուրսներով:
Մայրաքաղաքի որոշ հատվածներում արձանագրվել է տրանսպորտի դանդաղ ընթացք, ինչը մեծապես պայմանավորված է վարորդների ցուցաբերած զգուշավորությամբ: Երթուղագծերը շահագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ցուցաբերած անհարկի զգուշավորությամբ պայմանավորրված՝ որոշ խնդիրներ էլ առաջացել են ուղեւորատար տրանսպորտի բնականոն աշխատանքի հետ կապված, ինչը շտկելու ուղղությամբ տրվել են հստակ հանձնարարականներ:
Մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման գլխավոր եւ երկրորդական բոլոր փողոցները երթեւեկելի են:
Զուգահեռաբար շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցով շարունակվում են փողոցների աղով ու ավազով մշակման, ինչպես նաեւ, չդադարող տեղումների պայմաններում , առաջացած ձյան շերտի պարբերաբար հեռացման աշխատանքները: Միաժամանակ համալրվում են կուտակված աղի եւ ավազի պաշարները։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել Երեւանի բնակիչներից, որ իրենց փողոցներից ձյունն ընդհանրապես չի մաքրվել, իսկ որոշ երթուղիների միկրոավտոբուսների ու ավտոբուսների ստիպված են եղել սպասել 30 րոպեից մինչեւ 1 ժամ:




























