Հայաստանը պետք է որոշի, թե որոնք են իր ազգային մրցակցային առավելությունները եւ խթանի հենց այդ ոլորտները: Այսպիսի տեսակետով այսօր հանդես եկավ ԱԺ խոսնակի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, նշելով, որ ՀՀ կառավարությունը չի կարող միանգամից բոլոր ոլորտներում նույնպիսի առաջընթաց ապահովել, դրա համար պետք է ընտրի մի քանիսը, որտեղ մենք համեմատական առավելություն ունենք եւ զարկ տա դրանց: «Պետք է ոչ թե դիվերսիֆիկացնել ոլորտները, այսինքն բոլոր ոլորտները հավասարապես դիտարկել, այլ պետք է դիվերսիֆիկացնել, օրինակ արտահանման ուղիները, ներդրումների աղբյուրները եւ այլն»,- ասաց նա:
Այնուհետեւ անդրադառնալով տնտեսության վիճակին, տնտեսագետն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցված տնտեսական աճը եղել է վերականգնողական, ինչպես օրինակ հետպատերազմյան Գերմանիայում՝ տարեկան գրանցվում էր 30 տոկոսից ավելի աճ, իսկ հիմա այն 3-4 տոկոս է:
Ինչ վերաբերում է կառավարության կանխատեսմանը, որ այս տարվա 18 տոկոս անկումից հետո 2010 թվականին Հայաստանում գրանցվելու է 1,2 տոկոսի տնտեսական աճ, նա նշեց. «Ես ավելի լավատես եմ եւ եթե ճիշտ տնտեսական քաղաքականություն վարվի եւ ռեսուրսները արդյունավետ օգտագործվեն, ապա աճը ավելի մեծ կլինի»:


























