Հունաստանի կառավարությունը փետրվարի 10-ի երեկոյան հավանության է արժանացրել պետական ծախսերի կրճատման ծրագիրը, որն անհրաժեշտ է Եվրամիությունից եւ ԱՄՀ-ից 130 մլրդ եվրո ստանալու համար:
Ծրագրով նախատեսվում է պետական հատվածում 15 հազ. աշխատատեղի կրճատում, աշխատանքային օրենսդրության ազատականացում, նվազագույն աշխատավարձի սահմանում մինչեւ 600 եվրո` նախկին 751 եվրոյի փոխարեն:
Կաբինետի հինգ անդամներ, համաձայն չլինելով նման կոշտ միջոցառումների հետ, հրաժարական են տվել: Շատերը պահանջները նվաստացուցիչ են համարել, սակայն վարչապետ Լուկաս Պապադիմոսը հայտարարել է, որ չեն կարող երկիրը դեֆոլտի տանել:
Հիմա արդեն փաստաղթուղթը պետք է արժանանա խորհրդարանի եւ ԵՄ ֆինանսների նախարարների հավանությանը: Ամենայն հավանականությամբ, նախագիծը խորհրդարանում կքվեարկվի փետրվարի 12-ին, հաղորդում է BBC News-ը:
ԵՄ-ն պահանջում է, որ բարեփոխումների ողջ փաթեթը համաձայնեցվի մինչեւ փետրվարի 15-ը:




























