Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման առաջարկել է արիություն ցուցաբերել եւ արժանին մատուցել ԱՊՀ-ին:

«Ինձ թվում է, այսօր, երբ գլխավոր իրադարձությունները կանցկացվեն Ռուսաստանում, պետք է արիություն ունենալ եւ արժանին մատուցել ԱՊՀ-ին»,-ասել է Կուչման` փետրվարի 10-ին հանդես գալով Կիեւում ԱՊՀ գլխավոր խմբագիրների նիստում: Նրա խոսքով, պետք է երախտագիտություն հայտնել Համագործակցությանը դրական ձեռքբերումների համար, սակայն պետք է խոստովանել, որ ԱՊՀ-ն այսօր չի գործում:

Կուչման նշել է, որ մինչ այդ էլ բոլոր որոշումները կայացվում  էին երկկողմ մակարդակով, իսկ Մաքսային միության ստեղծումով իրավիճակն ավելի է բարդացել: Հիմա մի շարք խնդիրներ պետք է լուծել ՄՄ ղեկավարության հետ: Ինչ վերաբերում է Եվրասիական միության ստեղծմանը, ապա, Ուկրաինայի նախկին նախագահի կարծիքով, «դա ոչ այսօրվա, եւ ոչ էլ վաղվա հարց է», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: