Արգենտինայի իշխանությունները հայտարարել են,  թե Մեծ Բրիտանիան Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիներ ատոմային սուզանավ է ուղարկել, որի վրա կարող են միջուկային մարտագլխիկներով հրթիռներ լինել: Արտգործնախարար Հեկտոր Թիմերմանը հայտարարել է, թե ուղարկվել է բրիտանական  ռազմածովային ուժերի Vanguard դասի սուզանավ, եւ Մեծ Բրիտանիային մեղադրել է տարածաշրջանի միլիտարիազացիայի մեջ: Արգենտինան ՄԱԿ-ին խնդրել է միջամտել իրավիճակին եւ  պաշտոնական բողոք է ներկայացրել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խոստացել է Արգենտինայի կասկածները քննարկել բրիտանական կողմի հետ:

Դրան ի պատասխան, բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է, որ բրիտանական կառավարությունը սովորաբար չի մեկնաբանում միջուկային սուզանավերի եւ մարտագլխիկների տեղաբաշխումը, հաղորդում է  BBC-ին:

Հիշեցնենք, որ Արգենտինայի նախագահ դե Կիրշները փետրվարի 8-ին հայտարարել էր, թե Մեծ Բրիտանիան  մտադիր է պատերազմ հրահրել Արգենտինայի բնական ռեսուրսներից օգտվելու նպատակով:

Նշենք, որ Արգենտինան համարում է, որ ինքը Մալվինյան կղզիների վրա ունի ինքնիշխան իրավունքներ, որոնք վերահաստատվել են և վերահաստատվում են բոլոր միջազգային ֆորումներում Լատինոամերիկայի և այնպիսի երկրների աջակցությամբ, ինչպիսիք են
Չինաստանը եւ Արաբական երկրները: