Գործարարության ոլորտում կանանց մասնակցությունը խթանելու նպատակով Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ-ն) իրականացնում է «Կանանց ձեռներեցության զարգացումը ՀՀ-ում» ծրագիրը: Այս մասին այսօր` փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԵԿԱ-ի  նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նրա խոսքով` այդ ծրագիրը նախատեսված է տնտեսության տարբեր տեսակներ եւ ճյուղեր ներկայացնող կին ձեռներեցների համար եւ նրանց կհամախմբի մեկ ցանցի շրջանակներում:  Դրա շրջանակներում կլինեն հանդիպումներ, քննարկումներ, կին ձեռներեցների էլեկտրոնային կայքի ստեղծում, խորհրդատվական ծրագրեր եւ այլն: Լիլիթ Ասատրյանը նշեց, որ իրականացվելու է «Սննդի ոլորտի կին հերոս» մրցույթը, որի նպատակն է խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության եւ ֆերմային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող եւ հաջողության հասած կանանց:

Լիլիթ Ասատրյանը կարեւորեց փոքր եւ միջին ձեռներեց կանանց ներգրավածությունը հասարակությունում` շեշտելով, որ  մեր երկրում գործազուրկների 70 տոկոսը կանայք են:

Նշենք, որ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004թ: Կազմակերպության նպատակն է խթանել ՀՀ-ում երիտասարդ կնոջ դերի բարձրացումը հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում: