Գործող կառավարությանն աջակցող Պոկլոննայա լեռան հանրահավաքի կազմակերպիչ, «Պատրիոտի Ռոսիի» կուսակցության նախագահի տեղակալ Նադեժդա Կորնեեւան փետրվարի 11-ին հազար ռուբլի տուգանք է վճարել մասնակիցների թիվը գերազանցելու համար:

Տուգանքի գումարը ժողովրդական շտաբի միջոցով անձամբ փոխանցել է ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը:

«Հարցը գումարը չէ, գումարը մեծ չէ: Բայց նա բարոյական աջակցություն է ցուցաբերել այն մարդկանց, ովքեր հանդես են եկել երկրի շահերի օգտին եւ աջակցել են նրան: Դրա համար մենք շնորհակալ ենք», - բանկում տուգանքը վճարելուց հետո ասել է Կորնեեւան, գրում է  «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի են ունեցել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ գործող իշխանության կողմնակիցների հանահավաքները: Ընդդիմությունը երթ եւ ցույց է անցկացրել Բոլոտնայա հրապարակում: Ընդդիմության հանրահավաքի պատասխանն է դարձել «հականարնջագույն» հանրահավաքը Պոկլոննայա լեռան մոտ:

Ըստ Մոսկվայի ՆԳՆ-ի վարչության տվյալների` նախապես հայտարարված 15 հազար մարդու փոխարեն հանրահավաքին մասնակցել է ավելի քան 130 հազար մարդ, որը համարվում է վարչական իրավախախտում:

Պուտինը, որն այդ օրն աշխատանքային այցով գտնվում էր Չելյաբինսկի մարզում, հայտարարել է, որ պատրաստ է գումար վճարել իրեն սատարելու համար մայրաքաղաքում անցկացված հանրահավաքի մասնակիցների թվաքանակի գերազանցման համար: