Վաշինգթոնը պետք է ուշադրությունը կենտրոնացնի Ղարաբաղի հարցով բանակցությունների առաջընթացի վրա, միայն այդ դեպքում թուրք-հայկական հարաբերություններում զարգացում եւ կայունացում կլինի: Այս մասին «Hurriyet Daily News»-ին տված հարցազրույցում հայտնել է ամերիկացի դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հարցով հնարավոր է հասնել շրջանակային համաձայնագրի ստորագրման:

«Հենց ստացվի շրջանակային համաձայնագիրը, պետք է հնարավոր ամեն ինչ անել համոզվելու համար, որ շրջանակային համաձայնագիրը վերածվում է վերջնական խաղաղ համաձայնագրի»,- հայտարարել է նա:

Բրայզան նշել է, որ կողմերը շատ մոտ են բանակցությունների առաջընթացին` չնայած մի շարք կարեւոր հարցերի: «Մի քանի կարեւոր հարցեր կարող են համաձայնեցվել այն դեպքում, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները գնան դժվարին եւ վտանգավոր քայլի: Նրանք դրան չեն գնա այնքան ժամանակ, մինչեւ որ չզգան ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի քաղաքական աջակցությունը»,- նշել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե Վաշինգթոնը շահագրգռված է ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ, Բրայզան նշել է, որ, ըստ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ իր վերջին խոսակցության, տվյալ պահին ցանկություն կա հարցը լուծելու: