Ջրօգտագործող ընկերությունների սպասարկման տարածքում նախորդ տարվա համեմատ մոտ 1000 հեկտարով ավելացել են ոռոգվող հողատարածքները, որոշակի աճ է արձանագրվել նաեւ հավաքագրումների մասով` կազմելով 3,76 մլրդ դրամ (նախորդ տարվա 3,56 մլրդ դրամի դիմաց) կամ հասույթի 82.7%-ը: Այս մասին նշվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում այսօր` փետրվարի 11-ին, տեղի ունեցած ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող ավանդական հանդիպում-քննարկման ժամանակ:
NEWS.am-ին հայտնեցին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ փոխվարչապետն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել 2011թ. համակարգի գործունեությունը` նշելով, որ ընկերությունների գործունեության արդյունքում հաջողվել է կայուն ջրամատակարարում ապահովել: Ա.Գեւորգյանը պահանջել է ընթացիկ տարում ավելի ինտենսիվ զբաղվել ձեւավորված հասույթի դիմաց վարձավճարների ժամանակին եւ ամբողջական հավաքագրմամբ, ինչն ապահովում է համակարգի բնականոն գործունեությունը: Այս համատեքստում փոխվարչապետին առաջիկայում կներկայացվի նաեւ ոռոգման ջրի դիմաց 50 հազար դրամից ավելի պարտք ունեցող շահառուների ցուցակը, որոնց նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:
Անդրադառնալով 2012թ. անելիքներին` փոխվարչապետը ՋՕԸ-երի համար առաջնային է համարել անխափան եւ պահանջարկին համապատասխան ջրամատակարարման, արդյունավետ ֆինանսական վարչարարության եւ կարգապահության ապահովման հարցերը:




























