Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ի հարուստների հայտնի թաղամասում ` Բեւերլի Հիլզում վերջերս սեփականություն չի գնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արամ Դանիելյանի նախընտրական քարոզչական կենտրոնի մամուլի ծառայության պատասխանատու Կարեն Մարգարյանը` արձագանքելով մամուլում տեղ գտած նման լուրերին:

Ի դեպ, NEWS.am-ին անձամբ Արամ Դանիելյանը չարձագանքեց այն պատճառով, որ այսօր ընտրությունների նախորդ օրն է, երբ օրենսդրության համաձայն քարոզարշավն արգելված է, իսկ թեկնածուի ցանկացած խոսք կարող է որպես քարոզարշավ ընկալվել:

Կարեն Մարգարյանը կարծիք հայտնեց, որ մամուլը բացառապես միակողմանի քարոզչություն է իրականացրել մի թեկնածուի օգտին եւ միակողմանի հակաքարոզչություն` մյուս թեկնածուի դեմ:

Բեվերլի Հիլզում սեփականություն գնելու մասին տեղեկությունն, ըստ նրա, ակնհայտ ապատեղեկատվություն է, զավեշտ, ծիծաղ առաջացնող մի ինֆորմացիա, որն ընդհանրապես իրականության հետ որեւէ աղերս չունի:

Կ. Մարգարյանը նշեց, որ այդ հակաքարոզչությունը Արամ Դանիելյանի վարկանիշի վրա  ամենեւին չի ազդել, քանի որ քաղաքապետն իր իրական եւ բարձր վարկանիշն ունի Հրազդան քաղաքում, որը կարտահայտվի փետրվարի 12-ի քաղաքապետի ընտրություններում:

Հիշեցնենք, որ փետրվարի Հրազդանի քաղաքապետի 12-ին կայանալիք ընտրություններում առաջադրված է երկու թեկնածու. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանն ու «Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում սատարում են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: