Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբայրը՝ արքայազն Էնդրյուն, ըստ ամենայնի, գաղտնի կերպով բրիտանական կառավարական փաստաթղթեր է ուղարկել սկանդալային համբավ ունեցող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով հրապարակված ֆայլերի էլեկտրոնային նամակներին։
«Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը՝ Չարլզ թագավորի կրտսեր եղբայրը, 2010 թվականին պաշտոնական բրիտանական առևտրային փաստաթղթեր է ուղարկել Ջեֆրի Էփշտեյնին՝ հանգուցյալ սեռական հանցագործին փոխանցելով տեղեկություններ, որոնք նա ստացել էր որպես կառավարական բանագնաց», - նշված է գործակալության հրապարակման մեջ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ-ի կողմից հրապարակված փաստաթղթերի վերջին խմբաքանակում առկա են էլեկտրոնային նամակներ, որոնք, ըստ ամենայնի, վկայում են այն մասին, որ Էնդրյուն Էփշտեյնին է ուղարկել Վիետնամի, Սինգապուրի և այլ երկրների վերաբերյալ հաշվետվությունները։ Այս հաշվետվությունները նախկին արքայազնին էին ուղարկվել նրա՝ որպես կառավարական բանագնաց կատարած այցի կապակցությամբ։ Մինչդեռ, առևտրային ներկայացուցիչներին, որպես կանոն, արգելված է կիսվել գաղտնի կամ առևտրային փաստաթղթերով։
Գործակալությունը հստակեցրել է, որ ոստիկանությունը չի պատասխանել այն հարցմանը, թե արդյոք իրավապահները նոր հետաքննություն կսկսեն Էնդրյուի նկատմամբ։
Չարլզ III թագավորի եղբայրը՝ Էնդրյուն, արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է սկանդալի կենտրոնում՝ Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով։ 2025 թվականին թագավորը իր եղբորը զրկել է բոլոր տիտղոսներից։
Էփշտեյնի գործով ֆայլերի վերջին խմբաքանակներից մեկը պարունակում է լուսանկարներ, որոնցում արքայազնը հենված է հատակին պառկած անհայտ երիտասարդ կնոջ վրա։ Ինչպես պարզել են լրատվամիջոցները, տվյալ սենյակը գտնվում է Էփշտեյնի նյույորքյան առանձնատանը։





























