Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին խորհրդարանական ընտրություններում Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո հայտարարել է երկրի գործող «պացիֆիստական» Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին։ Դրա մասին հայտնում է Sankei Shimbun պարբերականը։
Ըստ Տակաիտիի՝ կուսակցությունը պետք է ակտիվորեն սկսի իրականացնել սեփական նախընտրական ծրագրի առանցքային դրույթները, դրանց թվում՝ Հիմնական օրենքի վերանայման առնչությամբ:
«Ելնելով արդեն իսկ կատարված աշխատանքի և տեղի ունեցած քննարկումներից, ինչպես նաև խորհրդարանական բոլոր խմբակցությունների աջակցությամբ՝ ես մտադիր եմ հետևողականորեն աշխատել սահմանադրական փոփոխությունների նախագծի նախապատրաստման և հանրաքվեի արագ անցկացման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ընդգծել է վարչապետը։
Փետրվարի 8-ին անցկացված արտահերթ ընտրություններում Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը վերականգնել է վերահսկողությունը խորհրդարանի ստորին պալատում՝ ստանալով 465 մանդատներից 316-ը։ Դա կուսակցությանն անկախ մեծամասնություն է ապահովել՝ հնարավորություն տալով արագացնել օրենսդրական գործընթացը և միանձնաբար ձևավորել խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարությունը։
Պացիֆիստական սահմանադրությունը Ճապոնիայում ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հանձնվելուց հետո և ամրագրել երկրի հրաժարումը պատերազմ սկսելուց: Կանոնավոր բանակին փոխարինելու համար ստեղծվել էին Ինքնապաշտպանության ուժեր, որոնց արգելվում է հարձակողական գործողություններ և կանխարգելիչ հարվածներ հասցնել՝ հակառակ ռազմական հզորության միջազգային վարկանիշներում իրենց բարձր դիրքին։
Տակաիտիի նախաձեռնությունը նպատակ ունի օրինական կերպով հաստատել Ինքնապաշտպանության ուժերի կարգավիճակը, որը ներկայում նշված չէ Սահմանադրության 9-րդ հոդվածում։ Համաժողովրդական հանրաքվեին ուղղումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի երկու պալատների պատգամավորների առնվազն երկու երրորդի հավանությունը:





























