ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները հայտնել են, որ ֆինանսիստ-մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի գործով ԱՄՆ Արդարադատության նախարարության գաղտնազերծված փաստաթղթերում թաքցված են նրա հանցագործությունների տասնյակ հնարավոր մեղսակիցների անունները։ Նման հայտարարություն նրանք արել են Էփշտեյնի գործով չխմբագրված (չսրբագրված) նյութերին ծանոթանալուց հետո։

Ֆլորիդա նահանգից կոնգրեսական Ջարեդ Մոսկովիցի խոսքով, որի խոսքերը մեջբերում է CNN հեռուստաալիքը, ինքը տեսել է «մեծ քանակությամբ անուններ, [տեղեկություններ] հանցավոր համաձայնության մեղսակիցների մասին, որոնք աղջիկների թրաֆիքինգով են զբաղվել ամբողջ աշխարհում»։

«Մենք չէինք ցանկանում, որ տեղեկատվությունը թաքցվի։ Սակայն այսօր ես տեսա բազմաթիվ օրինակներ, երբ մարդկանց անունները թաքցված էին, թեև նրանք զոհեր չէին»,- մեջբերում է հեռուստաալիքը Մերիլենդ նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ջեյմի Ռասկինի խոսքերը։ Նա հավելել է, որ Արդարադատության նախարարությունը չի պարզաբանել անունների մասնակի հեռացման պատճառները, սակայն դրանցից շատերն իրեն կասկածելի են թվացել։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմս Ուոկինշոուն (դեմոկրատ Վիրջինիա նահանգից) պարզաբանումներ է պահանջել Արդարադատության նախարարությունից։

«Ես տեսել եմ բազմաթիվ անուններ, այդ թվում՝ Ջեֆրի Էփշտեյնին ուղարկված կամ նրանից ստացված էլեկտրոնային նամակներում առկա անունները։ Դրանից հետևում է, որ այդ անձինք ներգրավված են եղել հանցագործություններում կամ, առնվազն, տեղյակ են եղել դրանց մասին։ Եվ ես կրկին չեմ կարող բացատրել, թե ինչու են դրանք հեռացվել փաստաթղթերից՝ օրենքի համաձայն», — հայտարարել է օրենսդիրը CNN-ի եթերում։

Օրենսդիրները հիշեցրել են, որ Արդարադատության նախարարությունը պետք է սահմանափակեր տեղեկատվության հեռացումը միայն զոհերի անձնական տվյալներով և այն նյութերով, որոնք կարող են վտանգել քրեական հետաքննությունը։