Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նրանց խորհրդականների, ինչպես նաև փոխնախարարի կողմից պաշտոնի ստանձնման հայտարարագիր ներկայացնելուց հետո, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեկ ամսվա ընթացքում իրականացնելու է բարեվարքության ստուգում։ Այս մասին փետրվարի 10-ին խորհրդարանի հերթական նիստում «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ վերլուծվելու են բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների՝ պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրերը՝ համեմատելով դրանք նախորդ հայտարարագրերում առկա տվյալների հետ։
Նա պարզաբանել է, որ դրանից հետո Հանձնաժողովը պետք է խորհրդատվական եզրակացություն տա՝ բարեվարքության տեսանկյունից առկա ռիսկերի վերաբերյալ։ «Դրական կամ բացասական գնահատականներ չեն տրվելու, այլ ներկայացվելու են առաջարկություններ՝ ուղղված անձի գույքային դրության և նրա անձնական շահերի մասով ռիսկերի չեզոքացմանը»,- նշել է պաշտոնյան։





























