Առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնց համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վարչական դատարաններում քաղաքացիական և վարչական գործերով դատական քննությունների համար նախատեսվում է վեցամսյա ժամկետ։ Այս մասին փետրվարի 10-ին խորհրդարանի հերթական նիստում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։
Նա պարզաբանել է, որ այդ ժամկետը կարող է երկարաձգվել միայն հիմնավորված որոշման դեպքում՝ վարչական գործերով մինչև երկու անգամ՝ յուրաքանչյուր դեպքում մինչև երեք ամիս ժամկետով, իսկ քաղաքացիական գործերով՝ մինչև երկու անգամ՝ յուրաքանչյուր դեպքում մինչև վեց ամիս ժամկետով։
Նրա խոսքով՝ դատավորների կազմի փոփոխության դեպքում գործի քննությունը կշարունակվի այն տեղից, որտեղ այն ընդհատվել էր։ Դադունցը հավելել է, որ դատական քննությունը կարող է վերսկսվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Պաշտոնյան պարզաբանել է, որ այս փոփոխություններն ուղղված են դատական քննությունները ողջամիտ ժամկետներում ավարտելուն։





























