ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է երեք անձանց անուններ, որոնց Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նախկինում հանցակիցներ էր անվանել և կապել ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հանցագործությունների հետ, հայտնում է NBC News-ը:
Գաղտնազերծված փաստաթղթերի հրապարակումը հաջորդել է կոնգրեսականների բողոքներին, որոնք պահանջում էին վերացնել նախկինում հրապարակված նյութերի չափից ավելի խմբագրումները:
Նշված անձանց թվում է Լես Վեքսները՝ Victoria’s Secret-ի նախկին գործադիր տնօրենը, ում անունը փաստաթղթերում մի քանի անգամ հիշատակվում է: Ցուցակում է հայտնվել նաև Լեսլի Գրոֆը՝ Էփշտեյնի երկարամյա քարտուղարուհին, ով պնդում է, թե տեղյակ չի եղել նրա հանցագործություններից: Միևնույն ժամանակ, նույն ցուցակի ևս չորս անձանց անուններ մնացել են գաղտնի և չեն վերծանվել, իսկ ՀԴԲ-ն օգտագործել է ներքին հաղորդագրություններն ու նամակագրությունը՝ հանցակիցների ցուցակը կազմելու համար:
Վեքսների ներկայացուցիչները հայտարարել են, որ 2019 թվականին նրան տեղեկացրել են, որ նա քրեական հետապնդման կամ պաշտոնական մեղադրանքի օբյեկտ չի հանդիսանում, և որ նա համագործակցել է քննության հետ։ Կոնգրեսականները, այդ թվում՝ Թոմաս Մասսին և Ռո Խաննան, պնդում էին, որ Արդարադատության նախարարությունը խախտել է Էփշտեյնի գործի փաստաթղթերի թափանցիկության մասին օրենքը՝ թաքցնելով ներգրավված անձանց անունները։
Չնայած հրապարակմանը՝ Էփշտեյնի գործով բազմաթիվ գրառումներ շարունակում են մնալ խմբագրված (գաղտնի պահված), և հիշատակված բոլոր անձանց հստակ դերն առայժմ պարզ չէ։ Այս իրադարձությունները հանրային և քաղաքական մեծ հետաքրքրություն են առաջացնում, հատկապես այն ֆոնին, որ Արդարադատության նախարարության կողմից Էփշտեյնի վերաբերյալ հրապարակված նյութերի ծավալը գերազանցում է երեք միլիոն էջը։





























