Grammy երաժշտական մրցանակաբաշխությունը փետրվարի 12-ի երեկոյան Լոս Անջելեսում սկսվեց շաբաթ օրը վախճանված երգչուհի եւ դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի հիշատակին նվիրված կատարումով:
«Մեր ընտանիքում մեծ դժբախտություն է տեղի ունեցել: Մենք մեծ կորուստ ենք կրել` Ոիթնի Հյուսթոնը», – երեկոն այս խոսքերով է սկսել հաղորդավար, ռեփեր եւ դերասան Էլ Էլ Քուլ Ջեյը:
Այնուհետեւ հսկայական էկրանին հայտնվել է Հյուսթոնի «Թիկնապահը» ֆիլմից I Will Always Love You երգի տեսահոլովակը: Դահլիճում հավաքվածներն այն հոտնկայս են դիտել, ընդ որում` այդ ընթացքում տեսախցիկներն առանձնացրել են Լեդի Գագայի, Փոլ Մաքքարթնիի, Թեյլոր Սվիֆթի եւ այլոց դեմքերը:
Սպասվում է, որ մրցանակաբաշխության ընթացքում իր կատարումը Հյուսթոնի հիշատակին կնվիրի Օսկարի մրցանակակիր երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆերւմ Հադսոնը, հաղորդում է TMZ.com կայքը:
«Գրեմմի» եւ «Էմմի» մրցանակների դափնեկիր Ուիթնի Հյուսթոնը վախճանվել է փետրվարի 11-ին օրվա երկրորդ կեսին Բեւերլի Հիլզում:




























