Grammy մրցանակաբաշխության գլխավոր հաղթող է դարձել բրիտանացի երգչուհի Ադելը. նա հաղթել է առաջադրված բոլոր վեց անվանակարգերում:

Մասնավորապես, Ձայնագրման ամերիկյան ակադեմիան «Rolling In The Deep» ստեղծագործությունը լավագույն երգ (Song Of The Year) եւ տարվա լավագույն ձայնագրություն (Record Of The Year) է ճանաչել: 23-ամյա բրիտանուհու «21» ալբոմը դարձել է տարվա լավագույն ալբոմ (Album Of The Year):

 Grammy-ի չորս ամենապատվաբեր անվանակարգերից մեկի մրցանակն ստացել է Ջասթին Վերնոնի Bon Iver նախագիծը. նրան ճանաչել են 2011 թվականի լավագույն նոր կատարող (Best New Artist):

Հինգ մրցանակ է ստացել Foo Fighters խումբը, այդ թվում նաեւ «Լավագույն ռոք ալբոմ» անվանակարգում` «Wasting Light» ձայնասկավառակի համար:

Լավագույն ռեփ ալբոմ է ճանաչվել Քանյե Ուսթի «My Beautiful Dark Twisted Fantasy»-ն, գրում է lenta.ru-ն:

«Ոսկե գրամոֆոն» է ստացել նաեւ կոմպոզիտոր Ալեքսանդր Դեսփլաթը «Արքան խոսում է» բրիտանական կինոնկարի երաժշտության համար: Անցյալ տարի ֆիլմն Օսկարի է արժանացել` որպես տարվա լավագույն կինոնկար: 

Beatles լեգենդար խմբի նախկին մասնակից Փոլ ՄըքՔարթնին մրցանակի է արժանացել «Band on the Run» պատմական թեմայով ալբոմի համար:

Էլեկտրոնային երաժշտության վիրտուոզ Սքրիփլեքսը մրցանակի է արժանացել միքսային ձայնագրության համար:

Դասական երաժշտության ասպարեզում լավագույնն է ճանաչվել Բրամսի չորրորդ սիմֆոնիան Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ` դիրիժոր Գուստավ Դյուդամեյլի ղեկավարությամբ:

Դահլիճի ծափողջույններն է վայելել ամերիկյան էստրադայի վետերան Թոնի Բեննեթը: Նա Grammy-ի է արժանացել «Դուետներ-2» վոկալային ալբոմի համար, որի կազմում են ամերիկուհիներ Նորա Ջոնսի, արտառոց Լեդի Գագայի եւ այժմ արդեն վախճանված բրիտանական երգչուհի Էմի Ուայնհաուսի հետ կատարումների ձայնագրությունները, գրում է ԻՏԱՌ-ԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Grammy մրցանակաբաշխությունն սկսվել է փետրվարի 11-ին վախճանված Ուիթնի Հյուսթոնին հիշատակելուց: