Sony Music կազմակերպությունը Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառների պաշտոնական վարկածի հրապարակումից հետո կհայտարարի լրացուցիչ ալբոմների եւ երգչուհու հետ կապված այլ նյութերի թողարկման նախագծերի մասին: Այդ առումով ընկերության ղեկավարությունը այս շաբաթ Նյու Յորքում արտակարգ նիստ կգումարի:

Կազմակերպությանն է պատկանում երգչուհու ինն ալբոմների, ինչպես նաեւ «Թիկնապահը» ֆիլմի սաունդթրեքի իրավունքը: Նրան է պատկանում նաեւ նոր ֆիլմում Հյուսթոնի երգերի իրավունքը, որն էկրաններին կհայտնվի օգոստոսին:

2010 թվականին կազմակերպությունը նոր տարբերակով արդեն վերաթողարկել էր երգչուհու 1985 թվականի դեբյուտային ալբոմը: 2012 թվականի աշնանը, ամենայն հավանականությամբ, նորից կթողարկվի «One Wish: The Holiday Album» ալբոմը` Ուիթնիի սուրբծննդյան երգերով:

Կիրակի օրը երգչուհու հիթերի հավաքածուն Amazon կայքի վաճառքի ցուցակներում ամենաբարձր հորիզոնականն է զբաղեցրել: Հյուսթոնի ամենահայտնի I Will Always Love You երգն առաջին հորիզոնականում է հայտնվել iTunes համացանց-համակարգի բեռնումների շնորհիվ:

2009 թվականին Մայքլ Ջեքսոնի մահից հետո, որը նույնպես պայմանագիր ուներ Sony Music-ի հետ, ընկերությունը վաճառել է նրա ալբոմների 8,2 միլիոն օրինակ միայն ԱՄՆ-ում եւ 35 միլիոն ամբողջ աշխարհում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: