Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի շտաբը չի բողոքարկելու փետրվարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը:

«Այնպիսի կեղծիքներ ու խախտումներ են արվել, որ հնարավոր չէ վեր հանել վերահաշվարկի կամ դատական բողոքարկման միջոցով: Խոսքը վերաբերում է մոտ 4 հազար կեղծ անձնագրերով քվեարկությանը եւ համատարած ընտրակաշառքներին, որն անհնարին է դատական կարգով ապացուցել»,- նշեց Միքայելյանի շտաբի պետը:

Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, Հակոբ Ավագումյանը պատասխանեց. «Պատրաստվում ենք շարունակել պայքարը մեր երկրում օրինականություն հաստատելու համար»:

Նշենք, որ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուները երկուսն էին. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում էր ՀՀԿ-ն, եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը:

Գործող քաղաքապետը հավաքել է 13 հազար 079 ձայն, իսկ Սասուն Միքայելյանը` 11506 ձայն: Օրվա ընթացքում Սասուն Միքայելյանի շտաբը հաղորդում էր բազմաթիվ ընտրակեղծիքների մասին, մինչդեռ Արամ Դանիելյանի շտաբը հերքում էր մեղադրանքները:

Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին սատարել է նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել էր ու դատապարտվել:

Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:

Հրազդան քաղաքում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 43 հազար 874 է, ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 57,86 տոկոսը: