Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» առաջին պաշտոնական նիստին, որը տեղի կունենա փետրվարի 19-ին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու իսրայելցի պաշտոնյայի։
Իր հերթին ԱՄՆ պաշտոնյաները այս շաբաթ Reuters-ին հայտնել են, որ Թրամփը Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ կհայտարարի Գազայի բազմամիլիարդանոց վերականգնման ծրագրի և ՄԱԿ-ի կողմից թույլատրված ուժերի ստեղծման մանրամասն պլանների մասին՝ պաղեստինյան անկլավի կայունացման նպատակով։
Սպասվում է, որ առնվազն 20 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ, կմասնակցեն խորհրդի նիստին, որի ստեղծումը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով՝ Թրամփի պլանի շրջանակում Գազայի պատերազմը դադարեցնելու համար։
Մինչ Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տերությունները, ինչպես նաև խոշոր զարգացող երկրները միացել են խորհրդին, համաշխարհային տերությունները և ԱՄՆ-ի ավանդական արևմտյան դաշնակիցները զգուշավորություն են ցուցաբերել։
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ նիստում հիմնական ուշադրությունը կկենտրոնանա Գազայի վրա, որտեղ երկու տարվա պատերազմի հետևանքով պաղեստինյան անկլավի մեծ մասը վերածվել է ավերակների։
Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը նախորդ տարի համաձայնել են Թրամփի պլանին, իսկ հոկտեմբերին ուժի մեջ է մտել հրադադարի համաձայնագիրը։ Ավելի քան 590 պաղեստինցի, որոնցից շատերը քաղաքացիական անձինք են, և չորս իսրայելցի զինվոր են սպանվել դրան հաջորդած բռնությունների ընթացքում։
Երկու կողմերը մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմի խախտման մեջ, չնայած Թրամփի վարչակազմը պնդում է, որ պետք է առաջ շարժվել պլանով նախատեսված հաջորդ քայլերին։
Դրանցից մեկը միջազգային կայունացման ուժերի տեղակայումն է, քանի որ իսրայելական զորքերը շարունակում են դուրս բերվել, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ զինաթափվել։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Թրամփը կհայտարարի, որ որոշ երկրներ նախատեսում են մի քանի հազար զինծառայող տրամադրել կայունացման ուժերի համար, որոնք, ինչպես սպասվում է, կտեղակայվեն Գազայում առաջիկա ամիսներին։
ՀԱՄԱՍ-ը մինչև այժմ մերժում է զենքը վայր դնելու պահանջը, իսկ Իսրայելը հայտարարել է, որ եթե խմբավորումը չզինաթափվի խաղաղ ճանապարհով, Իսրայելը ստիպված կլինի դա ուժով անել։





























