«Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական առնականության խնդիր ունի: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը` դիմելով ասուլիսի մյուս բանախոս` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆայանին:

Վերջինս արձագանքեց, թե ՀՀԿ-ականները, հավանաբար, «մաչո» են իրենց  ծեծելով, ջարդելով  եւ փշրելով: «Մենք պետք է հրաշալի հասկանաք, որ ամեն Աստծո օր ՀՀԿ-ն չի պատրաստվում իր պարտավորություններն իրականացնել` ապահովելով ազատ ու արդար ընտրություններ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանն ու հավելեց, որ ընդդիմության անելիքն, այս դեպքում, պետք է լինի այն, որ ապահովի ժողովրդական լայն ճնշում` թույլ չտալու համար, որ ընտրակեղծիքներ լինեն:

«Եթե իշխանությունները կարծում են, թե մարսեցին «մարտի 1»-ը, ապա սխալվում են, քանի որ մինչ օրս ոչ-ոք չի կարող ասել, թե այն բումերանգի նման ինչպես կարձագանքի»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Կարեն Ավագյանն էլ նկատեց, որ խոսելու այնքան քիչ բան կա, որ այսօր նորից «մարտի 1»-ից են խոսում:

Հարցին, թե այսինքն իշխանությունները փակե՞լ են մարտի մեկի էջը, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, որ  խոսքն այն մասին է, որ այսօրվա իշխանությունները շատ ավելի ազատ եւ թափանցիկ են, քան մի շարք ընդդիմադիր գործիչներ, եւս մեկ անգամ ընդգծելով, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները եւս մի քանի քայլ ազատ են, քան` նախորդները:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հաղթել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ-ի անդամ Սասուն Միքայելյանին: Ընդդիմությունը բարձրաձայնում է ընտրակաշառքների մասին: