Նույնիսկ Սպիտակի քաղաքապետի ընտրություններում, որտեղ միակ թեկնածուն գործող քաղաքապետն էր, ընտրողների մասնակցությունը բարձր է եղել` 53-54 տոկոս: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով, ընտրողների նման ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը ե’ւ ակտիվ է, ե’ւ քաղաքականացված, ե’ւ ձայնը տալիս է նրան ում հավատում է:
«Եթե ընդդիմությունը համաձայն չէ այդ ամենի հետ, թող մասնակցեր ընտրապայքարին եւ հակառակն ապացուցեր»,-ասաց նա ու հավելեց, որ ընդդիմությունն ի սկզբանե պարտվողական քաղաքականություն է որդեգրել եւ նույնը տեղի է ունենալու նաեւ խորհրդարանական ընտրություններում:
Ասուլիսի մյուս բանախոսը` ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ աձագանքեց, որ ընտրակեղծիքները չեն պակասել, պարզապես բռնություններն են նվազել եւ այդ ամենն իրականացվում է ավելի քաղաքակիրթ եղանակով: Նա բերեց Ռուսաստանի օրինակը, նշելով, որ Հայաստանում ընտրական գործընթացը շարունակում է շատ հեռու մնալ կատարյալ լինելուց:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին կայացած Սպիտակի քաղաքապետի ընտրություններում միակ թեկնածուն գործող քաղաքապետն էր: Մինչ այդ թեկնածու էր գրանցվել նաեւ ՀՀՇ-ական Անանիկ Նիկողոսյանը, ով սակայն հետագայում հրաժարվել էր պայքարից:




























