Հրազդանի քաղաքապետի ընտրություններում մինչ այս պահը ընտրակաշառքի եւ այլ ընտրախախտումի մասին բողոք չի ներկայացվել, ինչը նշանակում է, որ թեժ պայքարի արդյունքում իշխանության թեկնածուն հաղթել է: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա նկատեց, որ իշխանական թեկնածուն` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, հաղթեց նույնիսկ այն պարագայում, երբ ընդդիմությունն իր ամբողջ ռեսուրսները կենտրոնացրել էր Հրազդանի քաղաքապետի ընտրություններում:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն, ի պատասխան նշեց, որ այս ընտրություններում, թեեւ բռնությունները անհամեմատ նվազել են, բայց նույն ինտերնետային լրատվամիջոցներն այսօր ունեն ընտակաշառքներն արձանագրելու եւ տարածելու հնարավորություն եւ հիշեցրեց ընտրակառքից զրկված կնոջ բողոքի տեսանյութը:

Ավելին`ըստ նրա, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը մասնատված չէ, քանի որ ընդդիմադիր տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ այս ընտրություններում սատարել են ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանին:

Ինչ վերաբերում է Հովհաննես Սահակյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը պարտվեց նույնիսկ կենտրոնացված ռեսուրսների առկայության դեպքում, Անուշ Սեդրակյանն արձագանքեց, որ ընդդիմությունը պարտվեց ոչ թե գաղափարին, այլ` իշխանական վարչական ռեսուրսին: