Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնում լրագրողների եւ պապարացիների ուշադրության կենտրոնում է եղել Անջելինա Ջոլին:

Արդեն երկու տարի չնկարահանվող դերասանուհին Բեռլինում ներկայացրել է իր ռեժիսորական դեբյուտը` «Արյան եւ մեղրի երկրում»:

Պրիմիերային հետեւող ռուսական լրատվամիջոցները բավական սառը վերաբերմունք են դրսեւորել դրա հանդեպ: Ջոլիի ռեժիսորական դեբյուտը գնահատել են որպես նախագիծ դերասանուհու իրավապաշտպան եւ բարեգործական գործունեության շրջանակներում, բայց հազիվ թե այն գեղարվեստական իմաստով կարողանա հավակնի լավագույնների շարքում դասվելու:

Ֆիլմը նկարահանվել է Բոսնիայում, այն տեղեկություններ է հաղորդում բալկանյան պատերազմների մասին: Կադրում` Սարաեւոյի բլոկադան է, էթնիկ զտումներ, զանգվածային բռնաբարություններ, խաղաղ բնակչության շահագործում: Սյուժեի կենտրոնում հերոս մահմեդական կնոջ եւ սերբ սպայի փոխադարձ համակրանքի եւ ատելության պատմությունն է: