Թեեւ Հայաստանը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, որտեղ ամեն պահի կարող են ուժեղ երկրաշարժեր լինել, բնակչությունը գործնականում չգիտի, թե ինչ պետք է անել երկրաշարժ ժամանակ:

Այդ բացը լրացնելու նպատակով` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարության փետրվարի 16-ի նիստի հաստատմանն է ներկայացրել մի պիլոտային ծրագիր, որով դպրոցներում, հիվանդանոցներում, պետական մարմիններում պետք է սովորեցնեն երկրաշարժի ժամանակ  վարքագծի կանոնները:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծանր հետեւանքներ լինում են այն երկրներում, որոնք ժամանակին համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել, չեն պատրաստվել հնարավոր ուժեղ երկրաշարժին: Հայաստանի բնակչությունը նախապատրաստված չէ դիմակայել ուժեղ երկրաշարժերին, այդ ուղղությամբ համապատասխան սոցիալ-հոգեբանական հետազոտություններ եւ ուսուցողական ծրագրեր չեն իրականացվել: Այնինչ Սպիտակի երկրաշարժի փորձը ցույց տվեց հոգեբանական նախապատրաստական (պրոֆիլակտիկ) աշխատանքների կարեւորությունը:

ԱԻՆ-ի ներկայացրած ծրագրով 3 տարում 40 մլն դրամ պետք է ծախսվի դպրոցներում, քոլեջներում, բուժհիմնարկներում, պետական հաստատություններում երկրաշարժին դիմակայելու ունակություններ սովորեցնելու համար: