Կոլումբիայում զբոսաշրջային անսովոր երթուղի են մշակել` նարկոբարոն Պաբլո Էսկոբարի հետքերով:

Զբոսաշրջիկներին առաջարկվում է սկզբում այցելել Մեդելինայի Լոս Օլիվոս թաղամասի այն տունը, որտեղ սպանվել կամ, համաձայն լեգենդի, ինքնասպան է եղել Պաբլո Էսկոբարը: Այնուհետեւ նրանց ուղեկցում են Դալլաս շինության ավերակների մոտ` այն գործարար կենտրոնի, որտեղ Էսկոբարն սկսել է վարել իր առեւտրային գործերը: Շինության պատերից մեկին պահպանվել է Pablo vive!!! գրառումը, որն արվել է Էսկոբարի շտաբի վրա մրցակիցների զինված հարձակումից հետո:

Զբոսաշրջիկներին ցույց են տալիս նաեւ Hacienda Napoles-ի շրջակայքում նրա մասնավոր կալվածքը, որտեղ պահպանվել է անցած հարյուրամյակի 70-80-ականների շունչը:

Երթուղու կանգառներից մեկն էլ Montesacro գերեզմանատունն է, որտեղ թաղված են նարկոբարոնը, նրա եղբայրն ու ծնողները, ինչպես նաեւ նրա հետ զոհված թիկնապահները:

Երթուղու առանցքային կետը Պաբլոյի հարազատ եղբոր`  Ռոբերտո Էսկոբարի հետ հանդիպումն է, որը ժամանակին հայտնի էր արջուկ (El Osito) մականունով: Ճիշտ է, գիդը նախօրոք զգուշացնում է, որ Ռոբերտոն արդարացնում է Էսկոբար ընտանիքի բոլոր գործողությունները:

Ռոբերտոն, որը ձեռքում ռումբի պայթյունի հետեւանքով խլացել եւ կուրացել է, կարոտով հիշում է այն ժամանակները, որոնք ասես արկածային վեպ լինեն, որտեղ գլխավոր հերոսներն ինքը  եւ իր եղբայրն են:

Միաժամանակ, ինչպես նշում է «Ռոսբալտը», Կոլումբիայում այս «գրավիչ» շրջագայությունը միանշանակ չի ընդունվել:  Երկիրը հսկայական ջանքեր է գործադրում`  80-ականների նարկոպատերազմներից հետո խաղաղ կյանք ապահովելու համար: Մեդելինի իշխանությունները կոչ են անում զերծ մնալ իր ժամանակի մեծագույն հանցագործի կերպարն ավելորդ անգամ իդեալականացնելուց: